Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան

Մեր առաքելությունը
Զարգացնել և մասսայականացնել վոլեյբոլ մարզաձևը Հայաստանում՝ կազմակերպելով վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի, ինչպես նաև պատանեկան առաջնություններ և մրցաշարեր, գավաթային խաղարկություններ և հուշամրցաշարեր։
Ապահովել Հայաստանի հավաքական թիմերի մշտական մասնակցությունը եվրոպական և միջազգային մրցաշարերին՝ վոլեյբոլ և լողափնյա վոլեյբոլ մարզաձևերում։
Իրականացնել վոլեյբոլի զարգացման ծրագրեր, կազմակերպել մարզիչների և մրցավարների վերապատրաստման ու որակավորման սեմինարներ, ինչպես նաև հանրապետության մարզադպրոցներին տրամադրել բարձրորակ մարզագույք։
Մեր տեսլականը
Ապահովել վոլեյբոլի շարունակական զարգացումն ու մասսայականացումը Հայաստանում՝ կազմակերպելով բարձր մակարդակի առաջնություններ տարբեր տարիքային խմբերի համար և կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև մշտապես կազմակերպել և հայտավորել Եվրոպայի և աշխարհի տարիքային խմբերի առաջնությունների անցկացումը Հայաստանում՝ նպաստելով վոլեյբոլի զարգացմանն ու ճանաչմանը։
Մեր պատմությունը
Խոշոր քայլեր հայ վոլեյբոլի զարգացման ճանապարհին
Միջազգային ճանաչում
1991 թվականին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան դարձավ Վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի (CEV) և Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի (FIVB) պաշտոնական անդամ՝ կարևոր քայլ կատարելով հայկական վոլեյբոլը միջազգային մարզական համակարգում ներգրավելու ուղղությամբ։
Ֆեդերացիայի առաջին նախագահը եղել է Ռայիկ Ղուկասյանը։
Լողափնյա վոլեյբոլի առաջնություն
2015 թվականի հուլիսին Սևանում անցկացվեց մինչև 18 տարեկանների Արևելյան Եվրոպայի լողափնյա վոլեյբոլի առաջնությունը՝ ընդգծելով Հայաստանի աճող դերը միջազգային մրցաշարերի կազմակերպման մեջ։
Ձյան վոլեյբոլի մրցաշարեր
2020 թվականի հունվարին Ծաղկաձորում անցկացվեցին Արևելյան Եվրոպայի ձյան վոլեյբոլի ասոցիացիայի առաջին տղամարդկանց և կանանց մրցաշարերը։ Նույն թվականի փետրվարին Ծաղկաձորը հյուրընկալեց նաև Ձյան վոլեյբոլի EuroTour-ի փուլերից մեկը։
CEV U16 Եվրոպայի առաջնություն
2025 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացվեց CEV U16 Եվրոպայի վոլեյբոլի առաջնությունը։ Մրցաշարը կազմակերպել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան՝ Վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի (CEV) աջակցությամբ։ Իտալիայի հավաքականը հաղթեց մրցաշարում երրորդ անգամ։ Լավագույն յոթ թիմերը որակավորվեցին 2026 թվականի FIVB մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Քաթարում։
Կարեն Ասմարյան՝ ՀՎՖ նախագահ
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի 10-րդ ընդհանուր հաշվետու-ընտրական համագումարը տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 10-ին Երևանի «Գրանդ Հոթելում»։ Համագումարին մասնակցում էին 70 հրավիրվածներից 63 պատվիրակներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև վոլեյբոլի ակումբների, մարզադպրոցների և մարզերի ներկայացուցիչներ։ Համագումարի ընթացքում միաձայն նախագահ ընտրվեց Կարեն Ասմարյանը, փոխնախագահ՝ Աշոտ Գասպարյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Սմբատ Գևորգյանը։